Իսկ դուք գիտե՞ք ինչ ասել է երեխա, ով մեծացել է հայրենիքից հեռու։ Ես գիտեմ, ես նրանցից մեկն եմ։

Երբ երեք տարեկան էի ծնողներիս հետ տեղափոխվեցինք Ռուսաստան։ Սկզբում մտածում էի, որ դա հրաշալի է, իսկ հետո ամեն բան փոխվեց․․․ Անհոգ մանկությունն անցավ, իսկ հասուն կյանքը դեռ չէր սկսվել և այդ փոքրիկը մնաց սահմանի վրա։ Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ կյանքը հայրենի մշակույթից, հարազատ մարդկանից ու սիրելի հայաստանից հեռու կյանք չէ։

Վերջին շրջանում դրա մասին շատ եմ մտածում։ Իմ գլխում մի փոքրիկ մարդուկ է ապրում, իմ մի մասնիկը, իմ հայկական հոգին։ Իսկ այդ մարդուկն ազատություն է տենչում, դեպի հայրենիք, դեպի Արարատի գագաթը։

Ապրելով օտար երկրում՝ ես դարձա այնպիսինը, ինչպիսին ինձ շրջապատող մարդիկ են։ Իմ ներսում սկսեցին մարել իմ արմատները, բայց ամբողջ ուժով փորձում եմ չմոռանալ, թե ես ով եմ։

Ամեն ամառ Հայաստան եմ գալիս և ամեն անգամ ինձ համար մի նոր բացահայտում եմ անում, նոր ընկերներ և ծանոթություններ եմ ձեռք բերում, ավանդույթների մասին ավելի շատ բան եմ իմանում։

Իմ փորձից ելնելով ուզում եմ ձեզ ասել, որ ինչքան էլ հեռու լինեք ձեր երկրից, ձեր հայրենիքից՝ երբեք չմոռանաք՝ ով եք դուք և ինչ ազգություն ունեք։