«Արևորդի» 4 էկոակումբներ գործում են Արարատի մարզի Ուրցաձոր, Կոտայքի մարզի Գառնի,  Վայոց ձորի մարզի Արփի և Խաչիկ գյուղերում։

Էկոակումբները պատանեկան կենտրոններ են, որ իրականացնում են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կրթական ծրագրեր։ Էկոակումբներում պարբերաբար անցկացվում են դասընթացներ, հանդիպումներ, վարպետության դասեր, ամառային դպրոցներ։

Բնապահպանական լրագրություն, սոցիալական մեդիա, լուսանկարչություն, ֆիլմարտադրություն, ծրագրերի կառավարում և համակարգչային գրագիտության դասընթացներ ներառող դասընթացներին մասնակցում են 11-14 տարեկան ավելի քան 60 դպրոցականներ։

Ինտերակտիվ դասընթացների ընթացքում ձեռք բերած հմտությունները գործնականում օգտագործելով՝ պատանիները համայնքային բանպահպանական խնդիրների բարձրաձայնման նախաձեռնողն են դառնում։

Տեսախցիկի օգնությամբ ուսումնասիրելով շրջակա միջավայրը, գրելով և տարածելով համայնքային բնապահպանական խնդիրների մասին, արևորդիները կենսաբազմազանության պահպանության համայնքային մարտիկներն են։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ անտառային ծառայության և բրիտանական ՕՍՄԵ կազմակերպության աջկցությամբ։

2006 թ-ից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ «Արևորդի» էկոակումբներ հիմնադրվեցին Հայաստանի 9 մարզերում և Երևանում։ Այսօր արդեն ավելի քան 600 պատանիներ են անդամակցում ակումբներին։ Տարբեր տարիների արևորդիներ նկարահանել են ավելի քան 50 վավերագրական ֆիլմեր, որպես բնապահպանական տեղեկատվության տարածման արդյունավետ միջոց: Ֆիլմերը ներկայացվել են տեղական և միջազգային հեղինակավոր կինոփառատոներում՝  գրանցելով հաղթանակներ։ Դրանցից մի քանիսն էլ համայնքային բնապահպանական խնդիրների լուծման նախադրյալ են դարձել։