Ես Հենրիկն եմ, 15 տարեկան։ Սովորում եմ Արարատի մարզի Լուսաշող գյուղի միջնակարգ դպրոցում։ Սիրում եմ կենսաբանություն և քիմիա առարկաները։ Դպրոցական առարկեներից բացի մասնակցում եմ նաև Արևորդի ծրագրին՝ լուսանկարչություն, լրագրություն և այլ օգտակար հմտություններ ենք ձեռք բերում։ Մասնակցում եմ տնտեսագիտության վերաբերյալ մրցույթների։ Սակայն մեր գյուղում չկան համապատասխան պայմաններ՝ այլ վայրեր հասնելու և դասընթացների մասնակցելու համար։ Չկա հասարակական տրանսպորտ։ Այդ հարցում մեզ օգնում են մեր ծնողները՝ տեղափոխելով մեզ սեփական մեքենայով։ Երբեմն կողքի գյուղ նաև ձիով ենք գնում։ Շրջանցելով այս ամենը, միևնույնն է, ես շատ եմ սիրում իմ գյուղը՝ Լուսաշողը։

Լուսաշողը գտնվում է Վեդի գետի ափին։ Շրջապատված է ոչ բարձ կանաչապատ լեռներով։ Լուսաշողը, չնայած իր գեղեցկությանը, կամաց-կամաց դատարկվում է։ Երիտասարդները չեն ցանկանում այստեղ ապրել, հեռանում են։

Լուսաշողը շատ գեղատեսիլ վայրեր ունի, բնական ինքնաքանդակներ, եկեղեցիներ։ Աչքի է ընկնում բնության նրբերանգ գույներով։ Ունի հին գերեզմանոց, որտեղ հանգչում են գյուղի նախկին թուրք և հայ բնակիչների աճյունները։ Խաչքարերի վրա կան գրվածքներ, սակայն դրանք շատ անհասկանալի են ու անընթեռնելի։ Գերեզմանոցը գտնվում է գյուղի վերջում, բարձր լեռան ստորոտում։
Լուսաշողում է գտնվում Հովհաննես-կարապետ վանքը, որը 1254 թվականին է կառուցվել: Գյուղում շատ ավերված եկեղեցիներ, խաչքարեր և գերեզմաններ կան:

Լուսաշողը մեր գյուղի ներկայիս անունն է։ Այն ունեցել է երեք անուն՝ Կարախաչ, Ղարախաչ, Քարախաչ։ Այս բոլոր անվանումներն ունեցել են իրենց նշանակությունը։

Նախկինում գյուղում թուրքեր են բնակվել։ Երբ այստեղ վերաբնակեցվեցին հայեր, գյուղը կոչվեց Կարախաչ, որը նշանակում է «սև խաչ»։ «Սև խաչ», քանի որ գյուղում ամեն ինչ ավերվել էր թուրք հրոսակների ձեռքով։ Ներկայիս բնակիչների մեծ մասը եկել է Եղեգնաձորի շրջանից։

Երբ մեր գյուղը ծաղկում ապրեց, այն կոչվեց Լուսաշող ՝ 1978 թվականին՝ ի նշան այն փաստի, որ գյուղը լիովին ապաքինվել է սուր վերքերից և նրանից լույսի շողեր են ցայտում։

Ես սիրում եմ իմ պայծառ լույսի շողեր նետող Լուսաշող գյուղը։