Ճիշտ է երկրագունդն էլիպսաձև է, կարելի է ասել կլոր, սակայն ունի բազմաթիվ անկյուններ, որտեղ ապրում ու արարում է աշխարհի բնակչության 7 մլրդ մարդկանցից յուրաքանչյուրը։
Այս մեծ աշխարհում ես ունեմ իմ փոքրիկ անկյունը՝ Ուրցաձորը, իմ ծննդավայրը, որը ճիշտ է քարտեզի վրա չես գտնի, բայց միևնույնն է, ուր էլ որ գնամ այն չեմ կորցնի։
Արարարտի մարզի Ուրցաձոր գյուղը գտնվում է Խոսրովի պետական արգելոցի հարևանությամբ։ Լեռներով շրջապատված մի գյուղ է, սակայան պակաս շատ չեն նաև դաշտավայրերը, որոնք գյուղացու ապրուստի մեծ ու միակ մասն են կազմում։
Պապիկս ինձ միշտ ասում էր, որ միայն գյուղդ սիրելով չես կարողանա այնտեղ ապրել։ Ինձ միշտ հետաքրքրում էր այս նախադասության շարունակությունը, որը թաքնված էր պապիս թախծոտ աչքերում։ Ուստի որոշեցի պապիս հետ մի փոքր զրուցել այդ մասին։
-Պապիկ, չէ՞ որ կարևորը սիրելն է, եթե սիրում ես քո գյուղը, ինչո՞ւ պետք է լքես այն,-հարցրեցի ես պապիս, ում աչքերի առջևով 74 տարիներ են անցել, սակայն ճակատին նոր է խոկ առաջացել։
-Ի՞նչ է, քեզ կթվա գնացողները գյուղը չե՞ն սիրել։ Ո՛չ բալես, իրենց սերն ավելի ցավոտ է, իրենցի մեջ կարոտ կա։ Ճիշտ է, հեռուներում աշխատանք կա, բայց գյուղիս ոսկին էնտեղի հազարավոր դոլարների հետ չեմ փոխի։
Երևի մեկ ուրիշը, ով պապիկիս չճանաչեր, կմտածեր ուղիղ իմաստով է ասում։
-Պապ, ի՞նչ ոսկիներ։
-Բալես, մեր՝ գյուղացիներիս հիմնական զբաղվելիքը հողն ա, բույս մշակելը։ Իմ ոսկին էլ բիբարն ա, ճիշտ ա ուրիշ բանջարեղեն էլ կմշակենք, բայց բիբարն ուրիշ ա։
-Պապիկ, բիբար մշակելը դժվա՞ր է։ Ինչպե՞ս են մշակում։
-Հավատա, որ մնացած բույսերից ավելի դժվար։ Բիբարը հիմնականում սածիլ ենք անում ապրիլին, հետո երբ քաղհան անելու ժամանակն ա գալի՝ էնքան նուրբ պետք ա մշակես, որ խնդրի առջև չկանգնես։ Բիբարը քո նման չի է, որ ջուր սիրե ու շատ խմե, էտ ամեն ինչը ժամանակ ունի ու եթե մի բան էն չանես՝ ինչպես ասում ենք՝ «չոռը կտանի»։
-Պապիկ, իսկ ի՞նչ օգուտ է տալիս բիբարը, որ ոսկի ես ասում։
-Ես ամեն բիբարի չէ, որ ոսկի եմ ասում։ Էն ժամանակ, որ կոլտնտեսությունը կար, էտ վախտ էր, որ մսուր, ոսկի բիբարները շատ էին։
-Է՜, պապի մսուր ոսկի՞։
-Հա, ջանս, մսուր ասում են էն բիբարին, որն ավելի հաստ ա, դե էտ էլ լավ սորթի բիբարներն են, շատ վիտամին են պարունակում։ Բիբարը պետք ա առանց տապակելու ուտես, որ համ զգաս։
-Պապի, իսկ շուկայում Ուրցաձորի ոսկին ի՞նչ արժեք ունի,-հարցրի ես, ակնկալելով, որ պատասխանը կլինի ինչ-որ գնի արժեք։
-Է՜, բալես, որ գնում ենք շուկա՝ ձեռից-ձեռ են տանում, սաղ սպասում են, թե երբ ա լինելու Չիմանի (Ուրցաձորի նախկին անունը) բիբարը։ Շա՜տ տարիներ ա եղել, որ կարկուտը խփել ա, բիբար չենք ունեցել ու էտ ամենահոգսաշատ տարիներն ա եղել, բայց մեր համար բիբարն ուրիշ արժեք ունի, փողով չես չափի։
Ճիշտ է, մեկ այլ պատասխանի էի սպասում, բայց և հասկացա, որ կան բաներ, որոնք արժեք չունեն, դրանք ավելի՜ն արժեն։ Պապիկս էնքան համով-հոտով էր պատմում, որ իսկականից համոզվեցի՝ մեր բիբարը ոսկի է։ Էնպես սիրով գովազդեց Ուրցաձորի ոսկին, որ մշակելու մասին մտածեցի, մոռանալով այն կիզիչ արևը, որը հողագործն իր մաշկի վրա է զգում ամեն տարվա ամռանը։
Դե ինչ, եթե ուզում եք վիտամիններով «ոսկի» համտեսել, ապա շտապեք իմ գյուղ՝ Ուրցաձոր, որտեղից հեռանալն անհնար կլինի։
Թող այս տարի ոռոգման ջրի խնդիր չլինի, որ Ուրցաձորի ոսկին շուկայում առաջատարը լինի,
Թող կարկուտը մեզնից հեռանա, որ Ուրցաձորից ոչ մեկ չհեռանա։
Կիսվեք Ձեր մտքերով