Արարատի մարզի Ուրծաձոր գյուղը հարուստ է իր մեծ ու փոքրով։

Գյուղի ծայրում է ապրում բոլորիս սիրելի, 83-ամյա  Նուբար տատը։ Երբ զրուցում էի տատի հետ, հասկացա, որ անհնար է իր խոսքում կատակ չլինի։ Գեղեցիկ ու անսպառ ժպիտով, խելացի աչքերով, աշխատասեր մի տատի, ով նույնիսկ իրենց տան կատվին է սիրում ու հասկանում։

«Ինչո՞վ ես զբաղվում Նուբար տատ»,-հարցրի։

«Հողով, անասուններով, որ առողջ լինեմ՝ամեն ինչ էլ կանեմ»,-ասում է տատը՝ խորը հոգոց հանելով։

1956թ-ին Ղադրլուից (այժմ՝ Լանջանիստ), ամուսնու՝ Խաչիկի հետ ոտք դրեցին նախկին ցուրտ ու մութ, սակայն սիրելի Չիման (այժմ՝ Ուրծաձոր) գյուղը։ Միմյանց օգնելով՝ տուն կառուցեցին և «լցրեցին» այն 4 տղաներով, 12 թոռներով և Նուբարի տատի սիրելի հարսներով։

Այնքա՜ն անկեղծ, այնքա՜ն ճշգրիտ ու գրագետ է խոսում Նուբար տատը, որ եթե չասեր, չէի իմանա, որ դժվարին տարիներին դպրոց 2 տարի է հաճախել։ Չի տխրում, ավելին, հպարտությամբ է պատասխանում «Աշխատե՞լ ես Նուբար տատ» հարցիս․

«Բա չե՞մ աշխատել, շա՜տ-շա՜տ․ 60 տարի։ Ճիշտ ա, լավ չէինք ապրում, բայց միշտ ժպիտ կար բոլորիս դեմքին»։

Իմանալու համար, թե ինչ է աշխատել, հարցրի․ «Ուրծաձորը սարերով է շրջափակված, ի՞նչ ես աշխատել»։

«20 տարի սար եմ գնացել, լիքը անասուն պահել, իսկ էսօր մենակ մի հատ Սևո ունեմ՝ կովիս անունն է, ես եմ դրել։

Երկար ժամանակ կոլտնտեսության մեջ թութուն եմ շարել, էսօր մենակ շուղի ճղած սպիները կարան ինձ հիշացնեն անցյալս»,-ասում է Նուբար տատը։

«Տատ, ես դեռ 15 տարեկան եմ՝ աստղերից շատ երազանք ունեմ, դու չունե՞ս»,-հարցրի։

«Բա չունե՞մ․ երեխաներիս մեծացրել ուղարկել եմ Ռուսաստան, երազանքս էն ա, որ աշխարքը խաղաղություն ըլնի, բալեքս էլ տուն գան»,-հարցերիցս չձանձրացած, արցունքն աչքերին պատասխանեց գյուղի մեծերից ամենաաշխատասեր Նուբար տատը։