Ռոբոտները ծնվում են մտքի աշխատանքի շնորհիվ:

Ես Շավարշն եմ, 13 տարեկան, ապրում եմ սահմանամերձ Խաչիկ գյուղում, որը գտնվում է Վայոց ձորի մարզում:

Գուցե չհավատաք, բայց ես ռոբոտաշինությամբ եմ զբաղվում: Ռոբոտներ պատրաստելու հարցում ինքնուս եմ: 8 տարի առաջ խաղալիքներ կոտրելով և մասնիկներից նոր խաղալիքներ հավաքելով բացահայտեցի, որ դա ինձ դուր է գալիս: Այն ժամանակ դեռ 7 տարեկան էի:

Հիմա հարևան Արենի գյուղ ռոբոտաշինության դասերի եմ հաճախում։ Ծրագրավորում ենք սովորում, ռոբոտների դետալների նշանակությունը, խաղեր և մուլտեր ենք ստեղծում:

Ռոբոտները ծրագրավորվելու շնորհիվ տարբեր բարդ գործողություններ են կատարում: Պատրաստման գործընթացը հեշտ չէ, բայց շատ հետաքրքիր է: Որևէ կոնկրետ հետագծով շարժվող ռոբոտ պատրաստելու համար մոտ 2-3 օր է պահանջվում:

Ռոբոտ պատրաստելու համար պետք են որոշ դետալներ. շարժիչներ՝ շարժումներ կատարելու համար, առդուինո ունո, որում տեղադրվում է ծրագիրը, անիվներ, առդուինո նանո, որը կատարում է հեռակառավարման վահանակի դեր: Այն կարող է միացվել համակարգչին կամ անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսին:

Ես ռոբոտներ պատրաստում եմ, քանի որ սիրում եմ այդ գործը: Այն ինձ ինքնաբացահայտվելու, հասակակիցներիս հետ շփվելու, փորձի փոխանակման հնարավորություն է տալիս: