Մի անգամ, երբ հյուրեր ունեինք արտերկրից՝ որոշեցի ցույց տալ նրանց իմ գյուղի գեղեցիկ վայրերից մեկը՝ Գառնու ձորը:

Երբ տեղ հասանք՝ հյուրերից մեկը մի տոպրակ վերցրեց և սկսեց հավաքել այնտեղ թափված թղթի կտորներն ու դատարկ շշերը: Այդ պահին ես ամոթից կարմրեցի իմ և բոլորի փոխարեն:

Ես զգացի, որ բոլոր վատ երևույթների պատճառն անտարբերությունն է․ անտարբերություն սեփական տան, գյուղի, քաղաքի նկատմամբ:

Ամբողջ տարի մեր գյուղը լի է զբոսաշրջիկներով: Նրանք գալիս են աշխարհի տարբեր անկյուններից՝ հիանալու այն ամենով, ինչ մենք ունենք, որը սակայն շատ հաճախ մենք չենք նկատում և չենք գնահատում:

Գյուղի փողոցները, Գառնու տաճարը և գյուղի եկեղեցիներ տանող փողոցները, ճանապարհները, դեպի Գառնու ձոր և վերջապես Ազատ գետ տանող ճանապարհները շարունակ աղտոտվում են, և ոչ թե զբոսաշրջիկների, այլ մեր՝ հայերիս կողմից:

Եթե մի քիչ հոգատար լինենք բնության և մեզ շրջապատող միջավայրի նկատմամբ, ապա բնության գրկում հանգստանալուց հետո հոգ կտանենք, որ մեզնից հետո աղբ չթողնենք։ Չէ՞ որ մենք էլ բնության մի մասն ենք։